
«Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և փոխտնօրեն Նարեկ Ադամյանն այցելել են Շիրակի մարզի Գյումրի քաղաք՝ Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի շահառու զինծառայողների հետ դիտելու ծրագրի մասին նկարահանված վավերագրական ֆիլմը։
Պատերազմից առաջ և հետո. ֆիլմը պատմում է 44-օրյա պատերազմի ժամանակ զինծառայողների հաղթահարած դժվարությունների և նրանց մասնագիտական ներուժի վերագտման մասին։ Վավերագրական ֆիլմի դիտումից հետո Մխիթար Հայրապետյանը և Նարեկ Ադամյանը զրուցել են ծրագրի շահառուների հետ, մտքեր փոխանակել ծրագրի ընթացքի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվել է Շիրակի մարզում՝ պայմանավորված 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների մեծ թվով և ՀՀ-ում գործազրկության ամենաբարձր մակարդակով: Ծրագրի նպատակն էր նպաստել Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը՝ աշխատանքը և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով: