
Լեհաստանի Վրոցլավի համալսարանի պրոֆեսոր Դավիդ Բլաշկեն, որպես հրավիրյալ դասախոս, դասավանդում է «Գրաֆենի ֆիզիկա» առարկան «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում։
«Երբ ստացա այս ծրագրում դասավանդելու հրավերը, հաճույքով ընդունեցի այն: Կարևոր է ոչ միայն ոլորտի մասնագետների հետ կապերը ունենալը, այլ նաև միասին ապագայի գաղափարներ զարգացնելը», – ասաց Դավիդ Բլաշկեն:
Պրոֆեսորը գրաֆենի ֆիզիկային առնչվող բազմաթիվ հետազոտությունների հեղինակ է: Այս ծրագրում նրա ամենակարևոր նպատակն է ուսանողների համար ավելի հասկանալի և հետաքրքիր դարձնել գրաֆենի ֆիզիկան։
«Մարտահրավերային է մեկ շաբաթում ուսանողներին ամեն ինչ բացատրելը: Պետք է վստահ լինես, որ նրանք սովորում են այն ամենը, ինչ տալիս ես նրանց: Փորձում եմ իմ մտքերով գրավել սովորողների ուշադրությունը, որպեսզի ընկալեն ամեն ինչ», – նշեց դասախոսը:
Դավիդ Բլաշկեն կարծում է՝ ուսանողներին պետք է մոտեցնել իրական հետազոտական թեմաներին, որտեղ հարցերի պատասխանները դեռ տրված չեն, որտեղ այդ պատասխանները դեռ ձևավորվելու փուլում են:
«Առաջընթաց կարելի է ունենալ այն ժամանակ, երբ հարցեր կան, եթե ես կարող եմ սովորեցնել ուսանողներին հարցեր տալ, ուրեմն իմ աշխատանքն արված է, ուրեմն ես ապահովել եմ բավականաչափ ծանոթացումը թեմային, որ նրանք կարողանում են օրիենտացիա գտնել», – ասաց նա:
Պրոֆեսորի կապը Հայաստանի հետ ձևավորվել է ավելի վաղ՝ 1980-ականներից։ Այդ տարիներից ի վեր համագործակցել է Երևանի Պետական Համալսարանի պրոֆեսորների, հայ գիտնականների, ֆիզիկոսների հետ, մասնավորապես՝ ֆիզիկոսներ Դավիթ Սեդրակյանի և Էդվարդ Չուբարյանի: