
Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տեսաբան, ֆիզիկոս Վահագն Աբգարյանը դասավանդում է «Քվանտային ինֆորմատիկա» և «Քվանտային կրիպտոգրաֆիա» առարկաները «Quanta» մագիստրոսական ծրագրի շրջանակում։
«Գիտական կոլեգաներիցս մեկն ասաց, որ Հայաստանում դասախոսություններ են անցկացվում, բայց չէի պատկերացնում, որ խոսքն այսպիսի մեծ ծրագրի մասին է: Շատ ուրախ էի, որ ծանոթացա այս թիմի և ուսանողների հետ», – պատմեց Վահագն Աբգարյանը:
Հրավիրյալ դասախոսի գործունեության հիմնական ասպարեզը քվանտային մեխանիկայի փուլային տարածության ձևավորման մշակումն է և երկրաչափական քվանտային ինֆորմացիայի տեսությունը:
«Քվանտային տեխնոլոգիաների ասպարեզը շատ միջառարկայական է, այդ պատճառով ծրագրի այս ռազմավարությունն ի սկզբանե շատ լավն էր՝ հավաքել տարբեր պատրաստվածություն ունեցող ուսանողների՝ ինժեներների, կիրառական մաթեմատիկոսների, ֆիզիկոսների, ռադիոֆիզիկոսների», – ասաց դասախոսը:
Վահագն Աբգարյանի խոսքով՝ «Quanta» մագիստրոսական ծրագիրը նաև հնարավորություն է տալիս գտնել դասավանդման արդյունավետ բանաձևը։
«Շատ կարևոր է, որ ուսանողը լինի այնպիսի խմբում, որտեղ նա ինչ-որ աշխատանք է կատարում, խումբն էլ աշխատում է իր՝ որպես մասնագետի ձևավորմանը», – ընդգծեց նա:
Տեսաբան, ֆիզիկոսը կարծում է՝ ապագայում լավ մասնագետ դառնալու համար պետք է շատ աշխատել, որովհետև այն գիտելիքների բազան, որը պահանջվում է գիտական գործունեություն կատարելու համար, ահռելի պատրաստվածություն է պահանջում: