
Իդրամի և IDBank֊ի կողմից իրականացվող «Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուն է «Իմ Քայլը» հիմնադրամի՝ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած, ՀՀ մարզերում բնակվող զինծառայողների սոցիալ֊տնտեսական վերաինտեգրմանը՝ մասնագիտական վերապատրաստման և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով:
«Այս ծրագրի հիմքում ընկած է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների մասնագիտական կարողությունների ու հմտությունների բացահայտումը, դրա հիման վրա նոր հնարավորությունների ստեղծումը՝ իրենց ամբողջ ներուժը կենսագործելու համար», ֊ նշել է «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը:
«Պատերազմի մասնակիցների վերաինտեգրման խնդիրը հասարակության մեջ առաջնային նշանակություն ունի, և ժամանակին լուրջ քայլերի չդիմելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ թե՜ հենց պատերազմի մասնակիցների, թե՜ ողջ հասարակության համար, ուստի մեծ հույսով և սպասումով այս ծրագիրն ընտրեցինք որպես ապրիլ ամսվա շահառու», ֊ ասել է IDBank֊ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը:
«Մի դրամի ուժը» IDBank֊ի և Իդրամի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրն է, որի շրջանակում երկու ընկերությունները Idram&IDBank հարթակով, IDBanking.am, Idram.am առցանց հարթակներով, երկու ընկերությունների տերմինալներով կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց իրենց հաշվից 1 դրամ փոխանցում են նախաձեռնությանը: «Մի դրամի ուժն» արդեն հատել է 120 մլն ՀՀ դրամի սահմանը, որը փոխանցվում է մեր երկրի համար կարևոր ծրագրեր իրականացնող հիմնադրամներին: