
Գիտակցելով քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած հայրենիքի պաշտպանների սոցիալ-տնտեսական վերաինտեգրման կարևորությունը, նրանց կողքին կանգնելու և բնականոն կյանք վերադարձնելու անհրաժեշտությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը ստորագրել են դրամաշնորհի տրամադրման պայմանագիր:
Համաձայն պայմանագրի՝ «Իզմիրլյան» հիմնադրամը կաջակցի «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շարունակական իրականացմանը:
Ծրագրի նպատակն է նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը՝ աշխատանքի և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով: Այս նախաձեռնության հիմքում ընկած է հաշմանդամություն ձեռք բերած զինվորների կարողությունների և հմտությունների բացահայտումն ու դրա հիման վրա հնարավորությունների ստեղծումն իրենց ամբողջ ներուժը կենսագործելու համար: