
«Մենք նպատակ ունենք մեր ծրագրերի միջոցով մարդուն տալ գիտելիքներ և հմտություններ՝ դրանով իսկ ապահովելով նրա ինքնաբավությունը և անկախությունն ամբողջ կյանքի ընթացքում: Այս փիլիսոփայությունից են բխում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից 2022թ․ ընթացքում իրականացված 4 ծրագրերը», ֊ այս մասին 2022թ․ հիմնադրամի գործունեության հաշվետվությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը:
Խոսելով Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի մասին՝ Հայրապետյանը նշեց, որ պիլոտային ծրագրի մեկնարկի համար ընտրվել է Շիրակի մարզը՝ պայմանավորված հաշմանդամ զինծառայողների մեծ թվով և մարզում գործազրկության բարձր ցուցանիշով: Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր մասնակցի համար կազմվել են անհատական զարգացման պլաններ, տղաները մասնակցել են տարբեր դասընթացների, այդ թվում՝ բիզնեսի պլանավորման, որոնց արդյուքնում շահառուների մի մասը կազմել է բիզնես նախագծեր: «Իմ քայլը» հիմնադրամը, համագործակցելով մի շարք կազմակերպությունների և անհատ բարերարների հետ, համաֆինանսավորել է բիզնես պլանների իրագործումը:
«Ծրագիրը բարձր գնահատականի է արժանացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ծրագրում ներգրավված մասնագետների և, ամենակարևորը, շահառուների կողմից: Հենց այդ պատճառով որոշվել է ծրագիրն այս տարի շարունակել Արմավիրի և Լոռու մարզերում», ֊ նշեց Հայրապետյանը:
Անդրադառնալով հիմնադրամի հաջորդ “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրին՝ Հայրապետյանն ընդգծեց, որ, հաշվի առնելով արդի գիտատեխնիկական զարգացումները, հիմնադրամը ստեղծել է «Համահայկական գերազանցության կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկը, որտեղ իրագործվում է քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրը:
«Սա բացառիկ հնարավորություն է հայաստանցի ուսանողների համար: Քվանտային ֆիզիկայի ոլորտում բարձրորակ կրթություն ստանալու համար այլևս անհրաժեշտություն չկա մեկնել արտերկիր, քանի որ կենտրոնում դասավանդելու համար հրավիրվում են աշխարհի առաջատար համալսարաններից (MIT, University of California, Berkeley, Սանկտ Պետերբուրգի ԻՏՄՕ և այլն) ոլորտի լավագույն հայազգի մասնագետներ», ֊ ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը:
Հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական պիլոտային ծրագիրը փորձարակական տարբերակով 2022թ․ իրագործվել է Արագածոտնի և Արմավիրի մարզի 11 բնակավայրերում խաղողագործության և գինեգործության բնագավառում: Ծրագրով նախատեսվում է մշակել և հանրակրթական դպրոցներում ներդնել նոր մոդել՝ հիմնված յուրաքանչյուր աշակերտի անհատական կարողությունների և համայնքների առաձնահատկությունների վրա: Ծրագրի շրջանակում սովորողներն ուսումնասիրում են նաև «Գինու տուրիզմ» և «Գինու մարքեթինգ», որը թույլ կտա նրանց ավելի լավ հասկանալ գինու արտադրության և իրացման ողջ գործընթացը:
«Հաշվի առնելով ծրագրի արդյունքները՝ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացնել այն ներդնել նաև Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս համայնքներում» ֊ ավելացրեց Հայրապետյանը: Նա նշեց, որ այժմ իրականացվում է խորքային հետազոտություն տվյալ համայնքներում, որի արդյունքում պարզ կլինի, թե ինչ բաղադրիչներով է ներդրվելու ծրագիրը Սյունիքում:
Անդրադառնալով «Իմ քայլը» հիմնադրամի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համատեղ ջանքերով իրականացված «ՆերՈւժ» ծրագրին՝ Հայրապետյանը նշեց, որ այն նպատակ ունի խթանել մասնագիտական հայրենադարձությանը և նպաստել համահայկական ներուժի ներգրավմանը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում: Մասնագիտական ժյուրիի գնահատման արդյունքում հաղթող 3 ստարտափները 45 մլն ՀՀ դրամի դրամաշնորհ են ստացել «Իմ քայլը» հիմնադրամից Հայաստանում ստարտափ հիմնելու համար: