
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ հանդիպել է ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և նրա տիկին Էլկե Բյուդենբենդերի հետ:
Դիմավորման արարողությունից հետո վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը գրառում են կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել ԳԴՀ նախագահի, իսկ տիկին Հակոբյանը` Էլկե Բյուդենբենդերի հետ:
Տիկին Աննա Հակոբյանը և Էլկե Բյուդենբենդերը կարևորել են պետությունների ղեկավարների տիկնանց ակտիվ գործունեությունը տարբեր ուղղություններով:
ԳԴՀ նախագահի տիկինը կարևորել է դուալ կրթության ոլորտի զարգացումն ու այդ ուղղությամբ կյանքի կոչվող ծրագրերը` մանրամասներ ներկայացնելով Գերմանիայում իրականացվող քայլերի վերաբերյալ:
Վարչապետի տիկինը նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամը ևս ծրագրեր է իրականացնում դուալ կրթության ոլորտում:
Ընդգծվել է կանանց կարևոր դերը խաղաղության հաստատման և ամրապնդման գործում: Այս համատեքստում տիկին Հակոբյանն Էլկե Բյուդենբենդերին հրավիրել է այս տարի Երևանում կայանալիք «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» թեմայով միջազգային գագաթնաժողովին: