
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին: Հանդիպման ժամանակ նախարարին ներկայացվել են հիմնադրամի կողմից իրականացվող «Հորիզոններ» դուալ և «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրերը:
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Այդ համատեքստում քննարկվել են նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի միջև փոխգործակցության հնարավորությունները: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ուժերով աշխատել կրթական նոր ծրագրերի իրականացման հարցում:
Հիմնադրամի մեկ այլ՝ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման» պիլոտային ծրագիրը մոտենում է ավարտին: Այդ կապակցությամբ «Իմ քայլը» հիմնադրամում Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։ Նախարարին ներկայացվել է ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումները:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» հիմնադրամն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության հուշագիր էին կնքել ծրագրի մասնակիցների զբաղվածության ապահովման աշխատանքներն իրականացնելու համար:
Հիմքում ունենալով երազանքների բացահայտման և մասնագիտական կողմնորոշման մեթոդաբանությունը` պիլոտային ծրագրի մեկնարկը տրվել էր Շիրակի մարզում 2022 թվականի հունվարին: