
Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի պրոֆեսոր Տիգրան Վարտանյանը՝ որպես հրավիրյալ դասախոս, Երևանում դասավանդում է «Քվանտային էլեկտրոնիկա» առարկան «Quanta» մագիստրոսական ծրագրի շրջանակում։ Նա ավելի քան 80 գիտական հոդվածների և 2 կոլեկտիվ մենագրությունների հեղինակ է։
««Quanta» ծրագրի շրջանակում դասավանդելու հրավերն ընդունեցի, որովհետև քաջածանոթ եմ Հայաստանի կրթական համակարգին, նաև այստեղ ունեմ ընկերներ», – ասաց Տիգրան Վարտանյանը։
Տիգրան Վարտանյանը գիտական ատենախոսությունը պաշտպանել է 1980 թվականին Սանկտ Պետերբուրգի Ս. Ի. Վավիլովի անվան պետական օպտիկական ինստիտուտում: Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է և պատրաստ է նաև ուսանողների հետ կիսվել իր հաջողության պատմություններով։
«Կցանկանայի, որ ուսանողները պատկերացում կազմեին ժամանակակից տեխնոլոգիաների մասին և մրցակցային լինեին ասպիրանտուրայի տեղերի համար», – ընդգծեց պրոֆեսորը։
Հրավիրյալ դասախոսի խոսքով՝ ուսանողները գոհ են ծրագրից, և հուսով է, որ այս կրթությունը նրանց համար նորանոր հաջողությունների հիմք կհանդիսանա։ Տիգրան Վարտանյանը վստահ է, որ լավ մասնագետ դառնալու համար նախևառաջ պետք է տքնաջան աշխատել։
«Առաջին հերթին խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել գիտելիքի պաշարի վրա, որովհետև ժամանակակից գիտությամբ զբաղվելը պահանջում է ֆիզիկայի և մաթեմատիկայի բարձրագույն գիտելիքներ», – նշեց նա։
Պրոֆեսոր Վարտանյանը ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր բարձրագույն հավաստագրող հանձնաժողովի ավագ գիտաշխատողի գիտական կոչում ունի։ Արժանացել է Ռուսաստանի Դաշնության գերագույն հավաստագրող հանձնաժողովի գիտությունների դոկտորի կոչմանը։ ԱՄՆ-֊ի ազգային հետազոտական խորհրդի, DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) և Գերմանիայի Վիլհելմ և Էլսե Հերեուս հիմնադրամի մրցանակիր է։