
Հունաստանի Պատրայի համալսարանի պրոֆեսոր Սոտիրիս Բասկոիտասը «Quanta» ծրագրի շրջանակում դասավանդում է «Նանոմատերիալներ և նրանց կիրառությունը» առարկան։ Նա Հայաստանի կրթական հաստատությունների հետ 5 տարվա համագործակցության փորձ ունի:
«Այս անգամ ինձ առաջարկեցին նորից գալ Հայաստան և դասախոսություններ կարդալ այս ծրագրի համար: Ես սիրով համաձայնվեցի», – ասաց պրոֆեսորը:
Սոտիրիս Բասկոիտասը կարծում է՝ «Quanta» մագիստրոսական ծրագիրը մեծ պոտենցիալ ունի: Նա արդեն իր աչքի տակ ունի ուսանողներ, որոնք կարող են մեծ ապագա ունենալ:
«Դասախոսական կազմը շատ ուժեղ է, և հուսով եմ, որ այն, ինչ ակնկալվում է ծրագրի շրջանակում, իրականություն կդառնա, բայց դրա համար երկար տարիներ են պետք: Այս ծրագրի ավարտից հետո լավ արդյունք ցուցաբերած ուսանողները կարող են գալ Հունաստան, մասնակցել կրթական ծրագրերի: Ես պատրաստ եմ նրանց աջակցել այդ հարցում», – ընդգծեց պրոֆեսոր Բասկոիտասը:
Սոտիրիս Բասկոիտասն իր գիտական ատենախոսությունը պաշտպանել է Պատրայի համալասրանում՝ «Կիսահաղորդիչների ֆիզիկա» թեմայով: Պրոֆեսորի գիտական հետաքրքրությունների շրջանակում են կիսահաղորդչային նանոկառուցվածքների էլեկտրոնային և օպտիկական հատկությունների տեսական և թվային հետազոտումը: