
6 տարի ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում սովորելուց և բակալավրի ու մագիստրոսի կրթական աստիճան ստանալուց հետո 24-ամյա Նաիրա Գասպարյանը որոշել է շարունակել կրթությունը։ Նա մասնակցում է «Իմ քայլը» հիմնադրամի «QUANTA» մագիստրոսական կրթական ծրագրին, որի հետ մեծ հույսեր է կապում։
«Ես աշխատում էի Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում, որտեղ նույնպես զբաղվում էինք քվանտային ֆիզիկայի ուղղությամբ։ Այս հնարավորության մասին տեղեկանալուց հետո որոշեցի ձեռքիցս բաց չթողնել ու դիմել», – ասաց Նաիրա Գասպարյանը։
Ծրագրի մասնակից Նաիրա Գասպարյանը ռադիոֆիզիկայի ֆակուլտետում սովորելու տարիներին անցել է «Քվանտային մեխանիկա» առարկան։ Ըստ նրա՝ այն հետաքրքիր էր, սակայն խորությամբ չեն ուսումնասիրել առարկան։
«Ես հույս ունեմ, որ այս ծրագրի շնորհիվ կկարողանամ խորը գիտելիքներ ստանալ քվանտային ֆիզիկայի մասին, իսկ ունեցածս էլ կամրապնդեմ», – ասաց ծրագրի մասնակիցը։
24-ամյա ուսանողը վստահ է՝ եթե ժամանակ է ծախսում, սովորում է, ապա անպայման իր ներուժը կկարողանա օգտագործել պետության համար։ Ծրագրի ավարտից հետո հուսով է, որ կկարողանա այս ոլորտում աշխատանք գտնել և գիտությամբ զբաղվել։