
«Այն քեզ կլանում է, տանում մի այլ աշխարհ». 27-ամյա ռադիոինժեներ Արամ Սահակյանն այսպես է բնութագրում «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի» մագիստրոսական ծրագիրը։ Արամ Սահակյանը բակալավրի կրթութունը ստացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Տարիներ անց որոշել է շարունակել կրթությունը։
«Ընկերոջիցս լսեցի, որ «Իմ Քայլը» հիմնադրամն իրականացնում է «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի» մագիստրոսական ծրագիր։ Ուսումնասիրելով ծրագրի մանրամասները, պահանջները՝ հասկացա, որ այն ինձ պետք է։ Որոշեցի մասնակցել և հիմա արդեն մի քանի ամիս է՝ կրթություն եմ ստանում», – նշեց ծրագրի մասնակիցը։
Արամ Սահակյանը մասնակցել է նաև ծրագրի ամառային դպրոցին։ Հենց այդտեղ էլ հասկացել է, որ այն գիտելիքները, որոնք պետք է ստանա, հեռանկարային են, ապագայում պետք կգան։
«Ծրագիրը շատ հետաքրքիր է։ Կարևոր չէ՝ մասնագետ ես, թե՞ ոչ։ Այն շատ հեռանկարային մասնագիտություն է։ Հնարավորություն է տալիս բավականին լավ խորանալ ցանկացած մասնագիտական ճյուղում», – ասաց Արամ Սահակյանը։
Ռադիոինժեների խոսքով՝ և՛ պրոֆեսորադասախոսական կազմը և՛ ծրագրի մյուս մասնակիցները բավականին հետաքրքիր են։ Բոլորից ինչ-որ նոր բան է սովորում, իր իմացածն էլ մյուսներին է փոխանցում։
«Ես դասախոսներին չէի ճանաչում մինչ այս, բայց դասերն սկսելուն պես հասկացա, որ իսկապես շատ լավ թիմ է հավաքվել։ Նրանք պրոֆեսիոնալ մասնագետներ են, և դասերը շատ հետաքրքիր են անցնում», – ասաց Արամը։
«Իմ Քայլը» հիմնադրամի «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի» մագիստրոսական ծրագիրը կտևի 1.5 տարի։ Այդ ընթացքում ծրագրի մասնակիցները խորը պատկերացում կկազմեն քվանտային աշխարհի մասին։ Արամ Սահակյանի նպատակն է լավ սովորել, դառնալ ուժեղ մասնագետ և իր ներդրումն ունենալ հայրենիքի զարգացման գործում։