
Դիլիջանում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի պաշտոնական փակման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը:
Մխիթար Հայրապետյանը հաջողություն մաղթելով դրամաշնորհի արժանացած ստարտափներին՝ նշել է, որ հավատում է՝ նրանց գաղափարները, ի վերջո, վերածվելու են խոշոր ընկերությունների:
«Բավականաչափ բարդ և մարտահրավերային 2 տարիներից հետո կառավարության, սփյուռքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող մեր հայրենակիցների համար շատ կարևոր էր, որպեսզի «Ներուժը» շարունակվի, վերսկսվի, վերածնվի: Ծրագրին այդ կյանքը տվել են մասնակիցները՝ մասնակցության իրենց հայտերով, Հայաստան գալով։ Շատ կարևոր է ընդգծել, որ «Ներուժը» միայն դրամաշնորհների մասին չէ: Երբ 2018-ին քննարկում էինք այս գաղափարը, մենք առանցքում չէինք դիտարկում փողը և դրա գործոնը: «Ներուժն» ունի շատ ավելի կարևոր երանգներ, առաքելություն: Այս ծրագրով փորձում ենք ուժեղացնել սփյուռքի հետ Հայաստանի կապը: Վերջապես հայրենիքում նրանց վերաբնակեցումը դարձնել իրատեսական, կյանքի կոչել նրանց գաղափարները և ձևավորել սփյուռքահայ մասնագետների ցանց: Տասնամյակներ շարունակ ընդունված է եղել Հայաստանը դիտարկել որպես հուզական մի տարածք: Հայաստանը միայն Արարատը չէ, Գառնին ու Գեղարդը չէ, համով խոհանոցը չէ, Հայաստանը հնարավորությունների երկիր է: Մեր երկիրը օրեցօր ավելի ու ավելի շատ հնարավորություններ ընձեռող ժամանակակից պետություն է, և ուզում եմ, որ այս համոզմունքով «Ներուժ» ծրագրի մասնակիցները վերադառնան իրենց գործունեությանը: Վստահ եմ, որ Հայաստանը ապագայում նորանոր պատուհաններ ու դռներ է բացելու ներուժցիների համար: Այն, ինչ ներուժցիներն այստեղից իրենց հետ կտանեն, կարծում եմ՝ կարևոր կլինի ապագայի համար»,- ասել է Մխիթար Հայրապետյանը:
Ռոբերտ Խաչատրյանը ողջունել և շնորհավորել է հաղթողներին, ծրագրի բոլոր մասնակիցներին, ովքեր կարևոր են համարել դիմել և այս ծրագրի շրջանակներում ներկայացնել նախագծեր, որոնք նախատեսում են հայրենիքում իրագործել՝ ի նպաստ մեր երկրի առաջընթացի ու զարգացման։
«Լիահույս ենք, որ այն դրամաշնորհը, որը ստացան մրցանակակիրները՝ կարևոր դեր կունենա նրանց հետագա գործունեությունում, նոր հնարավորություններ կընձեռի բիզնես նախաձեռնությունների ընդլայնման ճանապարհին։ Ուզում եմ ընդգծել նաև, որ ստարտափ էկոհամակարգի զարգացումը մեր նախարարության օրակարգում է, և այդ ուղղությամբ մեր կողմից հետևողական աշխատանք է իրականացվում։ Ծրագրի մյուս մասնակիցներին, ովքեր այսօր մրցանակակիրների շարքում չեն, ուզում եմ տեղեկացնել, որ նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնք ուղղված են նորաստեղծ ընկերությունների զարգացմանը և հորդորել, որ դիմեն, մասնակցեն, հաղթեն, առաջ մղեն ու իրականություն դարձնեն իրենց գաղափարներն ու նախագծերը»:
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր գործընկերներին՝ ծրագիրը համատեղ ջանքերով իրականացնելու համար։
Հաջորդիվ Ռոբերտ Խաչատրյանը և Մխիթար Հայրապետյանը մասնակցության վկայականներ են հանձնել ծրագրի բոլոր մասնակիցներին, որից հետո տեղի է ունեցել մրցանակների հանձնման արարողությունը:
Ժյուրիի գնահատման արդյունքում 1-ին պատվավոր տեղն է զբաղեցրել «Biocentric» թիմը՝ ստանալով 20 մլն դրամ, 2-րդ պատվավոր տեղը՝ «Reactive Science» թիմը՝ ստանալով 15 մլն դրամ, 3-րդ պատվավոր տեղը՝ «ATMT» թիմը՝ ստանալով 10 մլն դրամ: