«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին և նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանին։ Հանդիպման ընթացքում քննարկել են «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ընթացիկ հարցերը: Այն իրականացվում է ԲՏԱ նախարարության և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով։
Ծրագրով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներից նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող հայազգի ներկայացուցիչներին հրավիրել Հայաստան՝ տրամադրելով ֆինանսական և այլ բնույթի աջակցություն` տեղում տեխնոլոգիական ընկերություններ հիմնելու և զարգացնելու համար։ Կողմերը մտքեր են փոխանակել ծրագրի իրականացման հարցերի շուրջ:
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նաև «Իմ քայլը» հիմնադրամի «Quanta» ծրագիրը։ Այն քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի ոլորտում մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագիր է, որի շրջանակում դասավանդելու են նաև արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ հայազգի դասախոսները:
«Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին հայտնել է նաև առաջիկա ծրագրերի մասին և անդրադարձել հանրակրթական դպրոցներում STEM ուղղությունների զարգացմանն ուղղված ջանքերին:
Հանդիպման ավարտին Մխիթար Հայրապետյանն ընդգծել է մարդկային կապիտալի զարգացման շրջանակում ԲՏԱ նախարարության հետ սերտ և ակտիվ գործակցելու պատրաստակամությունը: