
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն այսօր այցելեց «𝗤𝘂𝗮𝗻𝘁𝗮» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի ամառային դպրոց, որն անցկացվում է Դիլիջանում, և հանդիպեց մասնակիցների հետ: Հուլիսի 1-ից 10-ը Հայաստանի 6 բուհերի 37 ուսանողներ կզինվեն գիտելիքներով և կնախապատրաստվեն սեպտեմբերին մեկնարկելիք մագիստրոսական կրթական ծրագրին, որին կկարողանան մասնակցել նրանցից միայն 15-ը:
Ուսանողների հետ հանդիպման ժամանակ Մխիթար Հայրապետյանը կարևորեց այս ծրագրին նրանց մասնակցությունը և ընդգծեց, որ մենք ապրում ենք քվանտային նոր դարաշրջանում և ծրագրի վերջնարդյունքում ակնկալվում է ունենալ այնպիսի մասնագետների, որոնք կկարողանան ոչ միայն կիրառել քվանտային ֆիզիկայի ոլորտում նոր տիպի սարքերը, այլ նաև մասնակցել նորագույն սարքերի մշակմանը և ստեղծմանը։
Պատասխանելով ուսանողներին հետաքրքրող հարցերին՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը հույս հայտնեց, որ «𝗤𝘂𝗮𝗻𝘁𝗮» ծրագիրն ավարտելուց հետո ուսանողները կներգրավվեն միջազգային գիտական խմբերում, կշարունակեն իրենց գործունեությունը բզինես ոլորտում, կլինեն նորաստեղծ ՏՏ ընկերությունների հիմքում, ինչպես նաև պատրաստ կլինեն գործունեություն ծավալել պետական ապարատի տարատեսակ գերատեսչություններում։
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ «𝗤𝘂𝗮𝗻𝘁𝗮» ծրագրի շրջանակում 1.5 տարի ուսանողները կկարողանան ունկնդրել աշխարհի առաջադեմ բուհերի հայազգի գիտնականներին, որոնք հրավիրվելու են Հայաստան և իրենց փորձն ու գիտելիքը փոխանցելու են քվանտային ֆիզիկայի ոլորտի ապագա մասնագետներին։