«Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանում և սփյուռքում ապրող ուսանողներին հրավիրում է սովորել քվանտային գիտություն։ Սա մագիստրոսական կրթական ծրագիր է շուրջ 15 ուսանողների համար, որը կտևի 1.5 տարի։
«Մենք ակնկալում ենք, որ ծրագիրն ավարտելուց հետո կստանանք մասնագետների, որոնք կկարողանան օգտագործել և կիրառել քվանտային ֆիզիկայի և քվանտային տեխնոլոգիաների նոր տիպի սարքերը և առհասարակ պատրաստ կլինեն քվանտային հեղափոխությանը տեխնոլոգիական այս նոր դարաշրջանում», – ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։
Ծրագիրն ուսանողներին հնարավորություն կտա գիտելիք ստանալ աշխարհի առաջադեմ բուհերում դասավանդող ազգությամբ հայ գիտնականների կողմից։ «Իմ քայլը» հիմնադրամը հոգացել է, որ այս տեսակի կրթությունը ուսանողներն անվճար ստանան։
«Կարծում ենք, որ ունենք համահայկական այնպիսի ներուժ, որը ճիշտ նպատակային, հասցեական և թիրախային աշխատանքի շնորհիվ կբերի զարգացման նոր մակարդակի։ Առավել ևս գիտակրթական ոլորտում մտադիր ենք օգտագործել ամբողջ համահայկական ռեսուրսը, օգտվել մեր ողջ համահայկական ներուժից՝ ինչպես ուսանողների ներգրավմամբ, այնպես էլ կրթական այս ողջ գործընթացի կազմակերպման, այն է՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտնականների ներգրավմամբ», – ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։
Հավանական մասնակիցներին վերհանելու նպատակով վերջին ամիսներին «Իմ քայլը» հիմնադրամն անցկացրեց օլիմպիադաներ ու համաժողովներ, կազմակերպվեցին հանդիպումներ բուհերի ուսանողների հետ։ Հիմա հերթը ամառային դպրոցինն է, որը տեղի կունենա հուլիսի 1-ից 10-ը Դիլիջանում։ Ամառային դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել «Իմ քայլը» հիմնադրամի կայքէջ՝ mystep.foundation և «Ծրագրեր» բաժնից ընտրել «Quanta» կրթական ծրագիրն ու լրացնել առցանց հայտադիմումը։
«Ամառային դպրոցին կարող են մասնակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի մեր ներկայացուցիչները, ովքեր ունեն ֆիզիկայի, քիմիայի, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առնվազն բակալավրի աստիճան, ինչպես նաև արդեն իսկ գտնվում են 4-րդ կուրսում», – ասաց ծրագրի ղեկավար Գևորգ Մելիքսեթյանը։
10 օրերի ընթացքում պրոֆեսորադասախոսական կազմը 4 առարկաների՝ էլեկտրոդինամիկայի, քվանտային ֆիզիկայի, մաթեմատիկական մոդելավորման և մաթեմատիկայի ընտրովի հարցերի վերաբերյալ կանցկացնեն դասախոսություններ։ Հենց այդ ժամանակ էլ կձևավորվի ուսանողական այն թիմը, որը կշարունակի ծրագիրը սեպտեմբերին։
«Նպատակն է նախապատրաստել այդ երիտասարդներին՝ սեպտեմբերից ուսումը սկսելու համար․ այսպես ասած նախնական փուլի ընթացքն է լինելու, քանզի լինելու են բազմաթիվ կուրսեր՝ ինչպես փորձարարական, այնպես էլ տեսական, և գիտելիքների որոշակի պաշար է պետք», – ասաց «Quanta» ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը։
Տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդներին պետք է բերել նույն մակարդակի։ Այդ նպատակով ներածական դասընթացները կլինեն և՛ ամառային դպրոցի շրջանակում, և՛ ծրագրի մեկնարկից հետո՝ նախնական փուլում։ Այս ամենից հետո միայն հնարավոր կլինի ըմբռնել հատուկ դասընթացները, որոնք ուսանողների համար կկարդան աշխարհի առաջադեմ բուհերի հայ գիտնականները։
«Կան լավ բարձր մակարդակ ունեցող երիտասարդներ, մասնավորապես Հայ-ռուսական համալսարանից, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետից լավ տղաներ կան, կան երիտասարդներ ճարտարագիտական համալսարանից և կան երտիասարդներ, ովքեր ավարտել են որոշ ժամանակ առաջ և այդ երիտասարդների հետ անհրաժեշտ է լինելու բավականին ինտենսիվ աշխատել», – ասաց «Quanta» ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը։
Օգոստոսին նախատեսվում է «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելությունը։ Քննություն կլինի 2 առարկաներից՝ քվանտային ֆիզիկայից և բարձրագույն մաթեմատիկայից, իսկ անգլերենի նվազագույն շեմի իմացությունը պարտադիր պահանջ է։ Արդեն սեպտեմբերին հայ ուսանողները խորությամբ կուսումնասիրեն քվանտային աշխարհը։