Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և համահայկական ծրագրերի ղեկավար Հայկ Ենգիբարյանը ճանաչողական այցելություն ունեցան Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիր, որը հիմնադրվել և ֆինանսավորվում է Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից։
Նախ, տեղի ունեցավ հանդիպում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Արեն Դեյիրմենջյանի, սոցիալական ծրագրերի և հաղորդակցության ղեկավար Քրիստինա Սիմոնյանի, ինչպես նաև կրթահամալիրի և համայնքային կենտրոնի ղեկավար Մելանյա Գեղամյանի հետ։ Վերջինս պատմեց կրթահամալիրի մասին, ներկայացրեց ինչպես գործող կրթական ծրագրերը, այնպես էլ առաջիկայում նախատեսվող նախաձեռնությունները։ Այնուհետև Մխիթար Հայրապետյանն անդրադարձ կատարեց «Իմ քայլը» հիմնադրամի նոր ռազմավարությանը, մասնավորապես, ներկայացնելով մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծրագրերը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակել համագործակցությունը՝ հատկապես կրթական, սոցիալական, ինչպես նաև մարդկային ներուժի ու կարողությունների զարգացման ուղղություններով։
Այնուհետև շրջայց կատարվեց դպրոցում, կրթահամալիրի տնօրենը ներկայացրեց դպրոցի հնարավորությունները, պայմանները, տեխնիկական հագեցվածությունը և այլն։