«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող՝ 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի շրջանակներում մայիսի 18֊22֊ը Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման ճամբար: Մասնակիցների համար անցկացվեցին դասընթացներ, որոնց նպատակն էր օգնել նրանց կողմնորոշվելու, թե որ ոլորտում են ցանկանում աշխատել, ինչպես նաև յուրաքանչյուր մասնակցի համար կազմել անհատական զարգացման պլան:
Ճամբարի ընթացքում մասնակիցների հետ աշխատել է բազմամասնագիտական թիմ (ծրագրային թիմ, կարիերայի խորհրդատու, հոգեբան) և դասընթացավարներ:
Գործատուների, պետական մարմինների և հասարակական կառույցների հետ հանդիպումների և քննարկումների շնորհիվ բարձրացել է տղաների իրազեկվածության մակարդակը զբաղվածության ծրագրերի և ընդհանուր ոլորտային զարգացումների վերաբերյալ: Այդ քննարկումներն օգնել են նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Եվ վերջապես, որոշ մասնակիցներ անմիջապես կապի են դուրս եկել գործատուների հետ և ձեռք բերել հստակ պայմանավորվածություններ:
Ճամբարի ավարտին բոլոր մասնակիցների համար կազմվել է անհատական զարգացման պլան, ըստ այդմ, նրանք ձեռք են բերել հստակ կողմնորոշում, թե ինչով են ցանկանում զբաղվել:
Այսպիսով, «Իմ Քայլը» հիմնադրամի՝ Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագրի հետագա քայլերը կլինեն անհատական զարգացման պլանի վերաբերյալ հանդիպումների կազմակերպում տղաների հետ, հոգեբանական գնահատման արդյունքների և անհատական զարգացման պլանի համադրում: