«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հորիզոններ» կրթական ծրագրի շրջանակներում այսօր Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել ուսումնական պլանի վերաբերյալ դասընթաց, որին մասնակցել են Օշականի, Սասունիկի, Կարինի, Ոսկեվազի, Ոսկեհատի, Ագարակի դպրոցների տնօրենները և ուսումնական գծով փոխտնօրենները։
Դասընթացը վարել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը․ թեման վերաբերում էր պետական կրթական չափորոշչի առանձնահատկություններին և սովորողների ազատ բաղադրիչի ընտրության կազմակերպման գործընթացին։ Հանդիպմանը ներկա էին նաև «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանը, փոխտնօրեն Նարեկ Ադամյանը և «Հորիզոններ» ծրագրի ղեկավար, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։
«Հիմնադրամը ձեռնամուխ է եղել հանրակրթության ոլորտում կրթական նոր մոդելի մշակմանը, անշուշտ, կրթական համայնքի հետ համատեղ ջանքերով: Մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված «Հորիզոններ» կրթական ծրագրով նախատեսում ենք ստեղծել օրինակելի և կիրառելի մոդել հանրակրթական համակարգի համար, որը հիմնված կլինի յուրաքանչյուր երիտասարդի անհատական կարողությունների և համայնքային առանձնահատկությունների ու հնարավորությունների վրա», – բացման խոսքում նշել է Մխիթար Հայրապետյանը:
«Հորիզոններ» կրթական ծրագիրն ուղղված է հանրակրթության ոլորտում դուալ կրթության նոր և հասանելի մոդելի ստեղծմանը՝ թիրախավորելով Հայաստանի մարզային բնակավայրերը։
Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտներին ձեռք բերելու նոր հմտություններ և կարողություններ, աշխատելու մասնագիտական ոլորտներում՝ ապահովելով սեփական ֆինանսատնտեսական կայունությունն ու նպաստելով սեփական մասնագիտական աճին։