«Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակներում մարտ և ապրիլ ամիսների ընթացքում տեղի են ունեցել մասնագիտական կողմնորոշման դասընթացներ և ճանաչողական այցեր։
«Մասնագիտական կողմնորոշում» դասընթացն իրականացվել է շահառու համայնքների (Սասունիկ, Կարին, Ոսկեհատ, Ոսկեվազ, Օշական, Ագարակ, Դողս, Շահումյան, Դաշտ, Ամբերդ և Աղավնատուն) 11 դպրոցներում: Դասընթացն ունեցել է երկու հիմնական բաղադրիչ՝ առաջին մասում ներկայացվել է արդի աշխատաշուկան, գերբեռնված և թերբեռնված ոլորտները, մասնագիտական պահանջարկների զարգացումները և այլն։ Երկրորդ բաղադրիչով ներկայացվել է խաղողագործության ու գինեգործության ոլորտը, ինչպես նաև ոլորտին հարակից մասնագիտությունները (մարքեթինգ, գաստրոտուրիզմ և այլն)։
Յուրաքանչյուր դպրոցում մասնագիտական կողմնորոշման դասընթացի արդյունքում ձևավորվել են թիրախային խմբեր: Այնուհետև իրականացվել են կրթական բովանդակությամբ ճանաչողական այցեր երեք գինեգործարաններ՝ Արմենիա Վայն, Ոսկեվազ և Վան Արդի: Այցերի ընթացքում աշակերտները եղել են խաղողի այգիներում՝ ինչպես հին, այնպես էլ նոր տնկվող, այցելել են արտադրական հատվածներ, ուսումնասիրել իրականացվող աշխատանքները: Էքսկուրսավարի ուղեկցությամբ ծանոթացել են գինեգործության ու խաղողագործության պատմությանն ու մշակույթին:
Ճանաչողական այցերը շարունակվել են Երևանի Սարյան փողոցում: Աշակերտները ծանոթացել են գինու համտեսի մշակույթին և դրա հետ մատուցվող ուտեստներին:
Հարուստ գիտելիքներով և նոր տպավորություններով լի այցերն ամփոփվել են Ժողովրդական արվեստի թանգարանում: Այստեղ նրանք ուսումնասիրել են խաղողի ու գինու զարդանախշերը՝ հայկական ձեռագործ աշխատանքներում: