Այսօր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կնքեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղել կողմերի ջանքերը Շիրակի մարզում բնակվող, քառասունչորսօրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների կարիքների գնահատման, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ապահովման աշխատանքների իրականացման շուրջ:
Շիրակի մարզում կկազմակերպվեն տեղեկատվական հանդիպումներ և կարիերայի ուղղորդման ճամբարներ, որոնք կխթանեն պատերազմի մասնակիցների աշխատելու մոտիվացիան և կակտիվացնեն նրանց կապը գործատուների հետ:
Համագործակցության արդյունքում ակնկալվում է, որ հաշմանդամություն ունեցող պատերազմի մասնակիցները կկարողանան լիարժեք վերաինտեգրվել հասարակությանը, ձեռք բերել նոր հմտություններ և սոցիալական կապեր։ Վերականգնողական շրջանից հետո նրանք կկարողանան վերադառնալ աշխատաշուկա, ինչը հնարավորություն կտա ինքնուրույն հոգալ իրենց ընտանիքի կարիքները։ Արդյունքում պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման, աշխատաշուկայում ինտեգրման ուղղությամբ նոր մեխանիզմներ և գործիքներ կստեղծվեն, որոնք հետագայում կարող են կիրառվել պետության կողմից: