Այսօր մենք թևակոխել ենք քվանտային տեխնոլոգիաների դար, երբ քվանտային մեխանիկան որպես գիտություն ձեռք է բերել շատ կարևոր կիրառական նշանակություն, ինչը մի քանի տասնամյակ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել։
Հաշվի առնելով արդի միջազգային գիտակթրական զարգացումները՝ «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել է «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում մեծամասամբ կդասավանդեն արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ հայազգի դասախոսներ: Կրթությունը նախատեսվում է կազմակերպել դասախոսությունների, գործնական աշխատանքների, սեմինարների և լաբորատոր պարապմունքների միջոցով: Յուրաքանչյուր մագիստրոս ուսման ընթացքում կունենա իր գիտական ղեկավարը, ում հետ կիրականացնի գիտահետազոտական աշխատանք՝ նախապատրաստելով մագիստրոսական ատենախոսությունը, որը հետագայում կտպագրվի գիտական հոդվածի տեսքով:
Ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են զբաղվել ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաև իրենց գիտելիքները ներդնել մասնավոր ընկերություններում, իրականացնել գիտահետազոտական աշխատանք, հիմնել ստարտափներ, որոնք հետագայում հնարավոր կլինի վերածել հայրենական տեխնոլոգիական ընկերությունների:
Հաշվի առնելով, որ ուսումնական գործընթացում ակտիվորեն կմասնակցեն աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հայազգի գիտնականները՝ մագիստրոսները կներգրավվեն նաև համապատասխան կենտրոնների գիտական խմբերի աշխատանքներում: