Աննա Հակոբյանը ներկայացրեց իր ղեկավարած հիմնադրամների գործունեությունը

Երեւան, փետրվարի 21, 2018թ.։ Այսօր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանը լրատվամիջոցներին ներկայացրեց երկու հիմնադրամների գործունեության արդյունքները, ընթացիկ ու հեռահար ծրագրերը։

Ներկայացնելով «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության ֆինանսական հաշվետվությունը՝ տիկին Հակոբյանը նշեց, որ այս տարվա փետրվարի 15-ի դրությամբ հիմնադրամի հաշվեհամարներին մուտք է արվել 859,055,468 դրամի նվիրատվություն։ Այդ գումարի մի մասը՝ 454,626,510 դրամ, նպատակային նվիրատվություններ են։ Մասնավորապես, նվիրատուները 241,300,000 դրամ փոխանցել են Մեղրիի մանկապարտեզի հիմնանորոգման, 194,880,000 դրամ՝ վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների վերականգնողական բուժման, 12,000,000 դրամ՝ «Քայլ առ քայլ» ծրագրի եւ 6,446,510 դրամ՝ «Առանց պլաստիկի Հայաստան» ծրագրի համար։

Այդ գումարից փետրվարի 15-ի դրությամբ ծախսվել է 236,578,438 դրամը, որից հիմնադրամի գործառնական ծախսերը (աշխատավարձեր, գործուղումներ, գնումներ) կազմել են 23,908,706 դրամ։ Մնացած գումարն ուղղվել է շահառուներին, այդ թվում՝ 142,383,648 դրամ՝ դասական երաժշտության հաստատությունների («Հովեր» երգչախումբ, Ֆիլհարմոնիկ նվագախումբ, Սիմֆոնիկ նվագախումբ, Կամերային երգչախումբ եւ Կամերային նվագախումբ) եւ «Երեւանյան հեռանկարներ» դասական երաժշտության միջազգային փառատոնի աջակցությանը, 20 միլիոն դրամ՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։ Արտերկրի հեղինակավոր բուհեր ընդունված երիտասարդների ուսման վարձերին ուղղվել է 44,411,850 դրամ, այդ նպատակին «Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով եւս 240 միլիոն դրամ ուղղվել է գործընկերների կողմից։

Ընթացիկ ծրագրեր

Աննա Հակոբյանն այնուհետեւ ներկայացրեց «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող եւ պլանավորվող ծրագրերը։ Նա նշեց, որ հիմնադրամը շարունակելու է արտերկրի բուհեր ընդունված ուսանողներին կրթաթոշակների տրամադրման ծրագիրը՝ նոր հայեցակարգի հիման վրա։ Մասնավորապես, կրթաթոշակներ կտրվեն Հայաստանի զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններ ուսանող եւ տվյալ մասնագիտության գծով առաջնակարգ համալսարան ընդունված երիտասարդներին։

Բնապահպանության ոլորտում Հիմնադրամը մասնակցելու է «Առանց պլաստիկի Հայաստան» ծրագրի իրականացմանը՝ գործընկերությամբ ՀՀ Բնապահպանության նախարարության եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի շրջակա միջավայրի պահպանությանը՝ պոլիէթիլենային տոպրակների կիրառության նվազեցմանն ուղղված իրազեկման արշավների, խրախուսման մեխանիզմների և սպառողների վարքագծային փոփոխության միջոցով։ Ներկայումս ընթանում են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆոնդերի հայթայթման աշխատանքներ։

Սոցիալական ապահովության ոլորտում հիմնադրամը Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ մեկնարկել է կարիքավոր ընտանիքներին «Ավարտական մոտեցմամբ» աջակցության ծրագիր։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղքատության հաղթահարմանը՝ գնահատելով սոցիալապես խոցելի վիճակում գտնվող ընտանիքների կարիքները, բարելավելով ընտանիքների սոցիալական պայմաններն ու նրանց անդամների կարողությունների հզորացման միջոցով հասցնել նրանց տնտեսական ինքնաբավության։ Այս պահին ծրագրում ընդգրկված են այն 15 ընտանիքները, որոնց ժամանակավոր կացարանով ապահովման հարցն ավելի վաղ լուծել էր Հիմնադրամը։ Նախատեսվում է շահառու ընտանիքների թիվը հասցնել 25-ի, որոնց «ավարտելուց» հետո ծրագրում կընդգրկվեն նոր ընտանիքներ։

«Քայլ առ քայլ» ծրագիրն իրականացվում է «Կենտրոն» հեռուստաընկերության հետ համատեղ։ Նպատակն է նպաստել բարեկեցիկ եւ հոգատար հասարակության կառուցմանն ու կամավորության մշակույթի խթանմանը՝ բազմազավակ, կարիքավոր ընտանիքների բնակարանների վերանորոգման միջոցով։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել նվազագույն ֆինանսական ներդրումներով՝ կամավոր անհատների եւ կազմակերպությունների ջանքերով։

Պլանավորվող ծրագրեր

Աննա Հակոբյանը ներկայացրեց նաեւ Հիմնադրամի հեռահար ծրագրերը։ Մասնավորապես, Հիմնադրամը ծրագրում է զբաղվել մանկալքության կանխարգելման և ընտանիքների հետ երեխաների վերամիավորման, խնամատար ընտանիքների ինստիտուտի կայացման, շուրջօրյա խնամքի հաստատությունների բեռնաթափման ու հասարակությունում դրանց շրջանավարտների ինտեգրման հարցերով։ Այդ նպատակով ներկայումս խորհրդակցություններ են անցկացվում ոլորտի դերակատարների հետ՝ հասկանալու բացերն ու ձեւակերպելու ծրագրի ռազմավարությունը։

Հիմնադրամը նախատեսում է իրականացնել Հայաստանում վերարտադրողականության աճին ուղղած ծրագիր, որի էությունն է արտամարմնային բեղմնավորում եւ ներարգանդային սերմնավորում կատարելու հարցում ֆինանսապես աջակցել անպտուղ կարիքավոր ընտանիքներին։ Ներկայումս նման հնարավորության սպասում է 400 ընտանիք, որոնք նախկինում դիմել էին «Արագիլ» հիմնադրամին։

Աննա Հակոբյանը նշեց, որ հիմնադրամը նախատեսում է իրականացնել նաեւ համայնքային զարգացման ծրագիր՝ նպաստելու Հայաստանի գյուղական համայնքներում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը՝ արժեշղթայի զարգացման մոտեցման եւ ընտրված համայնքներում փորձացուցադրական գյուղի զարգացման միջոցով։ Ներկայումս մշակվում է ծրագրի հայեցակարգային փաստաթուղթը։

Հիմնադրամի հոգաբարձուները

Ասուլիսի ընթացքում Աննա Հակոբյանը թվարկեց «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին։ Նրանք են՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյան, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյան, երգիչ-երգահան Սերժ Թանկյան, դերասանուհի Արսինե Խանջյան, «Իմփաքթ Հաբ Երեւան»-ի հիմնադիր եւ ղեկավար Սառա Անջարգոլյան, «FestivAr» հայկական փառատոնների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Քասարջյան, բժիշկ Վահան Վարդապետյան։

Աննա Հակոբյանը պատասխանեց նաեւ լրագրողների բազմաբնույթ հարցերին։ Ասուլիսին ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։

*Մանրամասները՝ տեսանյութում